«Ուժն իրականում ոչ թե ձեռքի, այլ սրտի մեջ է»

«Ամենքս կարող ենք փրկել մի ձագուկի, որը վաղվա օրվա ոչ մի երաշխիք չունի»:
Այս կարգախոսով արդեն 7-րդ տարին է` «Փրկենք կենդանիներին» ՀԿ-ն` Նունե Մեհրաբյանի գլխավորույթամբ փորձում է վերջ դնել անտուն շների սպանդին:
Aysor-ը անդրադարձել էր Նունե Մեհրաբյանի կացարանին, որտեղ բնակվում է ավելի քան 250 շուն: Խոսքի իրավունք է տրվել նաև շների ստերիլիզացիա իրականացնող «Յունիգրաֆ Իքս» ընկերությանը:

Այսօր արդեն կացարանի «տիրուհու» համար հստակ պարզ է, որ «Յունիգրաֆ Իքսը» ոչ մի ստերիլիզացիա էլ չի իրականացնում:

«Սարսափելի է սուտը, թե սպանդ չկա: Հազար անգամ ենք համոզվել, որ գալիս են այդ կարմիր մեքենաներն ու տանում: Իմ աչքի առաջ են տարել` ասելով, իբր իմ կացարան են տանում` առանց ինձ ճանաչելու»,- պատմում է Ն. Մեհրաբյանն ու փաստում, որ երբեք ստերիլիզացված և ոչ մի շուն չի վերադարձել իր նախկին բակը:

«Երկու օր է` չեմ քնում: Տեսել եմ, թե ինչպես են տարել 40 հատ շան ձագի, որ պահում էի մեր գործարանում: Նրանք ասացին, որ տանում են Նունեի կացարան, որպեսզի սպանեն»,- ասաց 60-ամյա Անահիտը, ով տեղեկանալով, որ մի խումբ երիտասարդներ փողոց են դուրս եկել անտուն շների համար հանգանակություններ հավաքելու, եկել էր, որ հարցերը պարզի:

«Երբ Նունեն ինձ բացատրեց, որ իր մոտ շուն չեն բերում, ես հասկացա, թե ինչու էին իմ հարցին այդպես պատասխանում ու հետևիցս էլ ծիծաղում կարմիր մեքենայի մարդիկ»,- ասաց Անահիտն ու ներողություն խնդրեց, որ պետք է գնա, քանի որ կատուներն ու շներն այդ ժամին սովորաբար իր պատշգամբի տակ են հավաքվում և սպասում իրենց ուտելիքին:

Կոմիտասի արձանի շրջակայքում հավաքվածներից յուրաքանչյուրը այդ օրը իր համեստ ներդրումն ունեցավ` անտուն շներին օգնելու համար:

«Կարծում եմ, որ բոլոր կենդանիները, այդ թվում շունը, ունեն մարդու հետ հավասար ապրելու իրավունք: Դրա համար ես իմ ուժերի չափով անում եմ ամեն ինչ, որ այդ իրավունքները պաշտպանվեն: Կոնկրետ այսօր մասնակցում եմ սննդահավաքի ու դրամահավաքի ակցիային, փորձում եմ օգնել, որ իրենք սնվեն ու հեշտացնեմ իրենց ապրելու գործը»,- ասաց Օվսաննա Հովսեփյանը:

Նա նշեց, որ փողոցում հանդիպած ցանկացած շան հանդեպ զգում է նույնն, ինչ-որ իր շան հանդեպ, իսկ անտուն շների ապագային լավատեսությամբ է նայում:

«Ես հավատում եմ, որ կգա մի պահ, որ էլ փողոցային շներ չեն լինի, որովհետև մենք գնում ենք դեպի քաղաքակրթություն, իսկ դա տանում է նրան, որ շների հարցը գոնե լուծվի ստերիլիզացիայի, այլ ոչ թե սպանդի եղանակով: Իմ զանգերին պատասխանել է «Յունիգրաֆ Իքսը» և ասել, որ ստերիլիզացիա չի անում, միայն սպանդ է անում: Դրա համար ես չեմ հավատում նրանց»,- ասաց Օվսաննան, իսկ մարդկանց խնդրեց հիշել, որ իրենց ուժը պետք է տեսնեն պահպանելու, ոչ թե ոչնչացնելու մեջ, և վստահ է, որ ուժն իրականում ոչ թե ձեռքի, այլ սրտի մեջ է:

Փողոցում անտուն շների համար հանգանակություններ հավաքողների կողքին այսօր շատերն են կանգնած, իսկ կացարանի խմդիրներին անդրադառնալ չցանկացող «շների տիրուհին» նախընտրեց խոսել ավելի մեծ նպատակներից:

«Ամենամեծ խնդիրն այն է, որ սպանդի դեմ պայքարը պետք է դառնա իրագործելի, քանի որ բավական քիչ երկրներ են մնացել, որ դիմում են այդ վայրագ սպանդին: Դա ոչ միայն բարոյական չէ, այլ ի սպառ չի տալիս արդյունք: 30 տարի է, ինչ մենք կրակում ենք, ե՞րբ պետք է հասկանանք, որ սա չաշխատեց: Պետք է թողնենք այս մեխանիզմը, և անցնենք մի այլ մեխանիզմի, որ մենք այս խնդիրն ամեն տարի չունենանք»,- ասում է Ն. Մեհրաբյանը` դիմելով բոլոր մարդկանց, որ 1 միլիոնանոց քաղաքի միակ կացարանի համար մեծ օգնություն է ամեն մեկի մեկ լուման անգամ:

«Չեմ ուզում ասեն, թե Նունեն էլ պարտվեց, բայց խնդիրներն այսօր, իրոք, շատ են: Կային մարդիկ, որ օգնում էին, նրանք հիմա մեր կողքին չեն` ճգնաժամով պայմանավորված: Իսկ պետական կողմը չի ողջունում այն գաղափարը, որ այդքան շուն կարելի է պահպանել: Նաև լավ կլիներ, որ մի քանի կացարան էլ լինեին, դա մեծ օգնություն կլիներ մեր անտուն շների համար»,- ասում է նա:

Իսկ ամենամեծ խնդրանքը մարդկանց այն է, որ մարդիկ չզանգեն ամեն հաչոցի համար քաղաքապետարան` ասելով, որ իրենց հանգիստը խանգարվում է:

«Չարժե շան վերջակետը դնել դրա համար: Այս դեպքում դուք եք պատվիրատուն: Կխնդրեի, որ ավելի մեծահոգի գնտվեն ու չզանգահարեն, հասկանան, որ եթե այսօր այդ շանը տանեն, այլ շուն է գալու: Ինքներդ մի մասնակցեք այդ սարսափելի գործընթացին, որ կոչվում է սպանդ: Իսկապես, շատ են մարդիկ, որ դեմ են յուրաքանչյուր տեսակ բռնության: Դա պահանջ է այլևս, որ հրաժարվեն բռնություններից ոչ միայն թղթով, այլ նաև գործողություններով»,- ասում է 250 շների պահապանը:

Օրական միայն սննդի վրա ծախսված գումարը կազմում է նվազագույնը 25 հազար դրամ, և եթե 1 մլն բնակիչ ունեցող քաղաքից ամիսը 100 հոգի մի փոքր անավդ ունենա, վստահեցնում ենք, մեկ շուն էլ կփրկվի:

Հ.Գ. Անտուն շների իրավունքների պաշտպանության ակցիայի մասնակիցների անունից. «Մենք ցանկանում ենք ապրել քաղաքակիրթ երկրում, իսկ դո՞ւք: Չոր սնունդ, ուտելիք, ինչ-որ կարող եք, տվեք մեր բարեկամներին: Մենք կգրանցենք անուններն ու երբեք չենք մոռանա մեզ օգնողներին»:

Հ.Գ. Քանի որ ակցիային մասնակցում էին շների հանդեպ չափազանց մեծ սեր ունեցող մարդիկ, տրամաբանական մի հարց, որ հաստատ կտա ընթերցողը, դուրս մնաց օրակարգից: Այն է` ճգնաժամային այս պայմաններում ինչպե՞ս են ապրում մարդիկ, որ ինչպես ապրեն շները:

www.aysor.am/am/news/2009/07/18/doghouse/
  • +1
  • 18 июля 2009, 21:48
  • anuk

Комментарии (0)

RSS свернуть / развернуть

Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.