Տուն հյուրերի, թե ապրելու համար

Մենք բոլորս ապրում ենք ճարտարապետության մեջ. ամեն առավոտ արթնանում ենք մի տեղ, որը կառուցել է ճարտարապետը, դուրս է գալիս ու գնում է մի փողոցով, որը գծել եւ կառուցել է ճարտարապետը, հետո գնում եք գրասենյակ, որը դարձյալ ճարտարապետի գործ է… Մենք անընդհատ գտնվում եք ինչ-որ մեկի մտահղացման դաշտում:
Մի խելոք մարդ
LESS IS MORE
Տղամարդը պետք է որդի ունենա, ծառ տնկի եւ տուն կառուցի: Չխորանալով ընտանիքի պլանավորման եւ այգեգործության խնդիրների մեջ` կարելի է անհրաժեշտ ինֆորմացիա տալ բնակարանի կառուցվածքի եւ ձեւավորման մասին` ըստ ճաշակի:
Բնակարանն այն տեղն է, ուր մարդն անցկացնում է կամ պետք է անցկացնի կյանքի մեծ մասը: Այստեղ սկսվում եւ ավարտվում է օրը: Ուստի բնակարանն առավելագույնս հարմարավետ եւ պրակտիկ դարձնելու համար լավ կլինի ոչ միայն վտսահել սեփական ճաշակին ու նախասիրություններին, այլեւ դիմել գործի մասնագետներին:
Ամեն ինչ սկսվում է բնակարանի ընտրությունից: Կան բնակարաններ, որ չեն համապատասխանում պատվիրատուի իսկ դրած պահանջներին: Մարդը կարող է գնել որոշակի քառակուսի մետր տարածքով բնակարան, որի մեջ ցանկանա տեղավորել բնակարանի տարողունակությունից երկու անգամ շատ կահույք եւ տեխնիկա: Լավ կլինի, եթե բնակարան գնելուց առաջ գնորդը խորհրդակցի ճարտարապետի կամ դիզայների հետ:
Բնակարանների շուկան այսօր շատ մեծ է դարձել, հարուստ ընտրանի կա, բայց միշտ չէ, որ այսպես կոչված էլիտար շենքերը, կամ հին շենքերը, կամ արդեն վերանորոգած ինչ-որ բնակարաններ համապատասխանում են բոլոր նորմատիվներին: Շենքեր կան, որ իրարից երեք մետր հեռավորության վրա են կառուցված, եւ դա հանգեցնում է լուրջ խնդիրների: Կան բնակարաններ, որոնք ամբողջ տարվա ընթացքում ընդհանրապես արեւի լույս չեն տեսնում: Գնողը կարող է չիմանալ այդ մասին, բայց ճարտարապետը, ով նրան խորհուրդ է տալիս, պարտավոր է անպայման տեղյակ պահել նման խնդիրների մասին:
ՙՊրոֆԱլ. ճարտարապետություն եւ դիզայն՚ ընկերության հիմնադիրներից մեկը` ճարտարապետ Հայկ Վարդանյանը, պատմում է, որ իրենք այժմ աշխատում են 140 քմ տարածքով բնակարանի վերանորոգման վրա: ՙՓոքր տարածք չէ, բայց այդ բնակարանն ունի ընդամենը երկու լուսամուտ` նույն կողմից: Մենք շեշտը դնելու ենք արհեստական լուսավորության վրա, բայց բնակարանն ու աշխատավայրը տարբեր բաներ են. անհնար է արհեստական լույսի օգնությամբ ստեղծել նույն պայմանները, ինչ լուսամուտների առկայության դեպքում՚: Կան նորմատիվներ, համաձայն որոնց` ննջարանը առավոտյան ժամը 10-12-ի սահմաններում անպայման պետք է ունենա արեւի լուսավորություն: Գիշերվա ընթացքում ննջասենյակում կուտակվում են այնպիսի վնասակար մանրէներ, որոնք միայն արեւի ինֆրակարմիր ճառագայթներն են ոչնչացնում: ՙՔանի որ հայերը չեն կարող ապրել մի խոհանոցում, որը չունի լուսամուտ, եւ չեն կարող ունենալ հյուրասենյակ` դարձյալ առանց լուսամուտների, ստացվում է, որ ննջարանը հայտնվում է այնտեղ, ուր լուսամուտ չկա: Սա վաղ թե ուշ հանգեցնում է լուրջ խնդիրների, անգամ հիվանդությունների՚,- վստահեցնում է Հայկ Վարդանյանը:
Լուրջ է նաեւ մեր բնակարանների օդափոխության հարցը: Նույնիսկ նոր կառուցված շենքերում այս հարցին լրջորեն չեն վերաբերվում: Միակ բանը, որ արդեն մեզ մոտ հարգի է դառնում, օդորակիչն է: Արդեն իսկ լավ է: Նույն կազմակերպության մեկի այլ մասնագետ` Հայկ Միրզոյանը, վստահեցնում է, որ եթե ձեւավորվի այնպիսի մշակույթ, ըստ որի` գնվեն միայն լավ բնակարանները իսկ վատերը մնան, կարճ ժամանակ հետո վատ բնակարաններ պարզապես չեն կառուցի: Իհարկե, դա իդեալական տարբերակ կլինի:
Հիմա, երբ արդեն գնորդն ունի կոնկրետ բնակարան, պետք է անցնել վերանորոգման աշխատանքներին:
Ինտերիերը (լատիներեն` ՙներսի կողմ՚) ներքին տարածքի ճարտարապետական եւ գեղագիտական լուծումն է, որ ապահովում է մարդու կենսա•ործունեության համար ամենահարմար եւ հաճելի պայմաններ:
Ինտերիերի դիզայնի հիմքում պրագմատիկ եւ գեղարվեստական մտքերի եւ լուծումների սինթեզն է: Այն բաղկացած է երեք բաղադրիչներից` կառուցվածքային կաղապարը (հատակ, պատեր, առաստաղ), առարկայական հագեցվածություն (տեխնիկա, կահույք), ֆունկցիոնալ պրոցեսներ, որոնք ձեւավորում են ե°ւ տարածությունը, ե°ւ զգայական-հոգեբանական մթնոլորտը:
Մասնագետները պնդում են, որ բնակարանի վերանորոգումը բաղկացած է երկու մասից: Առաջինը սենյակների ծավալները ստանալու խնդիրն է, այսինքն` պատերով բաժանել սենյակները, ստանալ բոլոր այն տարածքները, որոնք անհրաժեշտ են պատվիրատուին: Կան մարդիկ, որ ուզում են ընդհանրացնել ճաշասենյակն ու խոհանոցը, կան մարդիկ էլ, որ ուզում են` դրանք առանձին լինեն: Չի կարելի ասել, թե մեկը սխալ է, մեկը ճիշտ, դա մարդու նախընտրությունն է: ՙԱսել, թե մեկն ու մեկը արտասահմանյան ոճ է, սխալ է, քանի որ այնտեղ էլ կան ե°ւ միացված տարբերակներ, ե°ւ առանձին: Օրինակ` Ամերիկայում ոչ ոք խոհանոցը չի միացնում հյուրասենյակին: Նրանք ունեն տարբեր սենյակներ տարբեր նպատակների համար` ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, հյուրասենյակ… Սա անում են, իհարկե, սեփական տներում, բնակարաններում դժվար է նման բան թույլ տալը՚,- ասում է ճարտարապետ Հայկ Վարդանյանը:
Պարզվում է` միացված տարբերակներով բնակարաններում աշխատանքն ավելի հեշտ ու հետաքրքիր է մասնագետների համար, քանի որ նրանց աշխատելու, ստեղծագործելու համար մեծ տարածք է պետք: Իսկ ճարտարապետությունը ոչ թե պատերով սենյակներ ստանալու արվեստ է, այլ ՙօդը՚ ճիշտ օգտագործելու: Հաճախ ճարտարապետը վիզուալ պատերի էֆեկտներ է ստանում, օգտագործվում է օդային տարածքը` հնարավորինս քիչ բաժանումներով, քիչ ակցենտներով, այսինքն` մինիմալիզմի ոճով:
ՙՄինիմալիզմը որոշակի զանգվածի համար է: Ընդ որում, նրանք պետք է լինեն բարձր ինտելեկտուալ կարողություններ եւ գիտելիքներ ունեցող մարդիկ՚,- ասում է Հայկ Միրզոյանը:
Բնակարանի ձեւավորման առաջին փուլը շատ կարեւոր է, այն հաճախ անվանում են բնակարանի ռեժիսուրա, ինչը, ըստ էության, բնակչի կյանքի ռեժիսուրան է այդ տանը: Պետք է նախապես ճանաչել պատվիրատուին, նրա հակումները, ճաշակը, նոր միայն առաջարկել բնակարանի նորոգման տարբերակ:

Վերանորոգման երկրորդ մասը վերաբերում է բնակարանի ներքին հարդարմանը: Սա աշխատանքի շատ լայն սպեկտոր է` նախ եւ առաջ կապված է նյութական միջոցների հետ: Գների մինիմալից մինչեւ մաքսիմալ տարբերությունը կարող է լինել հիսուն անգամ թանկ:
Բոլորովին վերջերս բնակարանները ձեւավորվում էին եւ հարդարվում նրանով, ինչ կար, ինչ կարելի էր գտնել: Հիմա իրավիճակը, փառք Աստծո, փոխվել է: ՙԳտնելու՚ պրոբլեմը փոխարինվել է ՙընտրել՚ խնդրով: Առանձին նյութերի լայն ընտրանին, նորագույն տեխնոլոգիաները, կահույքի բազմազանությունը եւ ինտերիերային պարագաների առատությունը գրեթե անսահմանափակ հնարավորություններ են ընձեռում: Ինչպե?ս կողմնորոշվել այս բազմազանության մեջ, ի?նչ ոճով ձեւավորել բնակարանը:
ՙՊրոֆԱլ. ճարտարապետություն եւ դիզայն՚ կազմակերպության մասնագետները նախընտրում են բանակարանի մոդեռն ձեւավորումը: Սակայն Հայաստանում մի լուրջ խնդիր կա. դասականը, ռոկոկոն ու բարոկկոն խառնվում են իրար: Դրանք առանձին ոճեր են, որ հրաշալի էին դիտվում իրենց ժամանակաշրջանում եւ այն ժամանակվա մարդկանց համատեքստում: ՙԱյդ կարգի ոսկեգույն քիվերով, խուճուճ կահույքով բնակարանում պիտի ապրեն այնպիսի տղամարդիկ, ովքեր կեղծամներ են կրում, գոլֆիկներ են հագնում եւ այլն՚,- ասում է Հայկ Սարգսյանը:
Ինտերիերը միջավայր է, որ ստեղծվում է կոնկրետ մարդկանց խմբի համար: Բոլոր ոճերը գոյության իրավունք ունեն, պարզապես կարող են ընդունելի լինել կամ չլինել: Չի կարող պատահել, որ բոլոր մարդիկ մտնեն մի տարածք ու բոլորը հավանեն այն:
Մոդեռնի հասկացություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Դա բազմաթիվ ոճերի համադրություն է: Սկսած 1900-ական թվականներից` մոդեռն գաղափարը կա: Այն ընդամենը նշանակում է ՙնոր՚: Բոլոր ոճերը կարող են ունենալ ժամանակակից մեկնաբանություն: Նույնիսկ փայտե միջավայրով ՙշալե՚ ինտերիերը կարող է մոդեռն լինել:
ՙԻնձ թվում է` հայերը մի քիչ պատրաստ չեն մոդեռնին: Մարդը պետք է նյութապաշտ չլինի, առարկայասեր չլինի, որ հարմարվի մոդեռնին կամ մինիմալիզմին: Դրանց մեջ նյութ գրեթե չկա: Պետք է պարզապես սենյակի պատերի լայնությունը, առաստաղի բարձրությունը, պատերի գույնը եւ օգտագործած մինիմում կահույքը ստեղծեն հարմարավետություն, որի համար շատ բան անհրաժեշտ չէ: Պետք չէ, որ պատից կախված լինեն Սարյանի տասնյակ նկարներ: Իրը չէ տունը գեղեցկացնում. ՙԿոստյո?ւմն է, որ պիտի զարդարե քեզ՚: Պետք է ավելի հասարակ, ավելի պրակտիկ, ավելի թեթեւ լինել:
Հայաստանում մարդկանց 70 տոկոսը բնակարանը կառուցում եւ նորոգում է հյուրերի համար` ով ինչ կասի, կմտածի,- ասում է ճարտարապետը:- Սեփական կարծիքն այս դեպքում դոմինանտ չէ: Նա կարող է ճաշասենյակում մի 20 հոգանոց սեղան դնել, որ իրեն պետք է գալիս միայն Նոր տարուն, ամեն օր չի զլանա մաքրել դրա փոշին, բայց սեղանն անպայման պահում է. բա որ հյուր գա… Մարդիկ տառապում են կարծիք չունենալով՚:
Լուի Վանդերոն ասել է. ՙՄինիմումը բավարար է՚:
Թերեւս մինիմալիզմն ամենադժվար ճարտարապետական ոճերից մեկն է: Այստեղ կարեւորը ոչ թե պատերն ու գույներն են, այլ գաղափարը: Աշխատանքը օդի, ծավալի, միջավայրի հետ է, այսինքն` անշոշափելի մի բանի հետ:
Իհարկե, տունը կարող է ՙխելացի՚ լինել, ունենալ ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածություն` հեռակառավարվող լույսեր, դռներ, վարագույրներ… Այդ ամենը մարդու կյանքը դարձնում են ավելի հեշտ: Մարդիկ նույնիսկ կենտրոնական փոշեկուլ են պատվիրում: Էլ սարքավորումը հետեւիցդ քարշ չես տալիս: Կա նաեւ ամբողջ հատակը փոշեկուլ դարձնելու տարբերակ, որ մասնագետները խորհուրդ չեն տալիս տեղադրել: Ուղեգորգերի տակ հարմարեցված այդ սարքերը փոշին կլանում են, բայց չի մաքրում:
Խորհուրդ չեն տալիս նաեւ տաքացվող հատակներ, քանի որ դրանից արյան շրջանառությունը փոխվում է: Նման բան կարելի է անել միայն բաղնիքում:
Գունային համադրությունների եւ հարաբերությունների չափանիշներ եւ սահմանափակումներ չկան մոդեռն գաղափարի մեջ: Կան իհարկե, գույներ, որոնցով չի կարելի ներկել ամբողջ տունը: Օրինակ` կարմիր բնակարանը կարող է լրջորեն ազդել մարդու հոգեկանի վրա: Գույնն ընդամենը միջոց է` մարդուն ինչ-որ բան հասցնելու համար: Կարելի է առաջին հայացքից անհամատեղելի թվացող գույներն այնպես նրբորեն համադրել, որ հրաշք լինի:
Գունային լուծումներ ընտրելիս պետք է նկատի ունենալ սենյակների գործառույթները, բնույթը եւ սենյակի լուսավորության չափը եւ ձեւը (բնական կամ արհեստական լուսավորություն): Գիտականորեն ապացուցված է, որ լույսը մեծ դեր ունի գույնի ընկալման հարցում: Գույնի մասին ՙիդեալական՚ պատկերացում կարող է տալ ցերեկային լույսի տակ նրա ուսումնասիրությունը: Սակայն մի շարք դիզայներներ խորհուրդ են տալիս սենյակի գունային գամման ընտրոել հենց այն լուսավորության ժամանակ, որը գերակշռելու է սենյակում: Տարբեր լուսավորությունների ժամանակ միեւնույն գույնը տարբեր երանգներ է ընդունում` դառնալով ավելի ՙտաք՚ կամ ՙսառը՚: Հայտնի է, թե ինչ բարերար ազդեցություն է թողնում մարդու վրա արեւը եւ որքան բացասաբար է մարդու վրա ազդում դրա բացակայությունը: Համարվում է, որ լավագույն լուսավորությունը դեպի հարավ, հարավ-արեւմուտք եւ հարավ-արեւելք ուղղված տարածքներն ունեն: Սակայն սենյակի լուսավորությունը երբեմն այդքան էլ կապված չէ լուսամուտների ուղղության հետ:
Ինչքան քիչ է ցերեկային լույսը թափանցում սենյակ, այնքան բաց պիտի լինեն պատերը եւ սենյակի ընդհանուր կոլորիտը: Օրինակ` կարելի է ընտրել բաց դեղին եւ բաց վարդագույն տարբերակները: Սպիտակ գույնն այդքան էլ խորհուրդ չի տրվում, քանի որ թույլ լուսավորության դեպքում այն խամրում է եւ մոխրագույն հիշեցնում: Թույլ լուսավորությամբ տարածքներում` միջանցքում, ընդունարանում, ավելի լավ է սառը երանգներ ընտրել, քանի որ ոչ բավարար լուսավորության դեպքում գույների հագեցվածությունը խիստ նվազում է, բայց երկնագույնը, կապույտը, մանուշակագույնը այդ դեպքում ավելի քիչ են փոփոխության ենթարկվում, քան կարմիրը, նարնջագույնը, դեղինը:
Կարելի է ամբողջը ներկել սպիտակ, եւ ընդամենը փոքրիկ նրբությունների, դետալների միջոցով հասնել այնպիսի տարբերության, որ մի սպիտակ պատը բացարձակապես տարբեր լինի մյուսից: ՙԱստված դետալի մեջ է՚: Կարելի է շատ պարզ, հասարակ ինտերիեր ձեւավորել, բայց մի այնպիսի դետալի վրա կենտրոնանալ ու այնպիսի հանգույց մշակել, որ մտքովդ չանցնի, թե այդ հանգույցն այդքան մշակված է:
Եթե մարդը բնակարանը ձեւավորում է ժամանակակից մոտեցումներով, բայց ունի մի հին ճոճաթոռ կամ կամոդ, որից ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել, ապա նա պետք է իր բնակարանի համար ընտրի այնպիսի չեզոք ինտերիեր, որ նման հնությունները նրա մեջ ճչացող ու անճաշակ չդիտվեն, ունենան իրենց հարմար անկյունը, ընդգծվեն, ավելորդ չլինեն: Այդ կամոդը կամ այլ իրը պետք է սենյակում իր առանձնահատուկ տեղն ունենա:
Մեր օրերում հառուստացույցը փոխարինել է օջախ` ՙկամին՚ կոչեցյալը: Օջախը հավաքատեղի է: Եթե օջախ կա, ապա այն պետք է տեղադրված լինի առանձին սենյակում, ուր հավաքվում են հյուրերը, զրույցում: Հեռուստացույցհարմարեցված է հեռուստացույցին, ու մի տեղ անկյունում օջախ կա` պարզապես լինելու համար, դա մեծամտություն է եւ անիմաստ ատրիբուտ:
Գորգերը, նկարները, լամպերը ինտերիերում ընդամենը դետալներ են` ոչ պարտադիր, պարզապես այս կամ այն բնակարանին հարմար: Առանց դրանց բնակարան կարող է լինել. այդ ատրիբուտները պետք է անպայման նախատեսել ինտերիերում, որ ավելորդ չլինեն: Նկարը պատ զարդարելու իր չի: Ինտերիերային նկար հասկացություն կա. հատուկ մարդիկ նստում, նման նկարներ են պատրաստում եւ վաճառում. ՙՔո տունը դեղին պատեր ունի, ես քեզ համար դեղին նկար կնկարեմ՚:

Կան մարդիկ, ովքեր դիմում են մասնագետին ու էլ չեն խառնվում նրանց աշխատանքին` իմանալով վերջինիս աշխատաոճը: Բայց կան մարդիկ, ովքեր կոնկրետ ասում են` ինչ ոճն են նախընտրում, եւ մասնագետը ստիպված է լինում հենց այդ ոճով բնակարան ձեւավորել: Հայաստանում ճարտարապետների ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք ստիպված են անել այն, ինչ պահանջում է պատվիրատուն:
ՙԵթե մի բանաստեղծ քեզ է ներկայացնում իր ստեղծագործությունը, եւ դու, դեռ ամբողջը չլսած, ամեն տողի վրա սկսում ես ուղղել իրեն, բառեր փոխել եւ ասել, թե քեզ դուր չեկան ինչ-ինչ դրվագներ, չես հասկանա, թե ինչ է ուզում իր ստեղծագործությամբ ասել հեղինակը, ինչ գաղափար է դրել դրա մեջ՚,- օրինակով բացատրում է Հայկ Միրզոյանը:
LESS IS MORE
Մասնագետները հաճախ ընտրովի են մոտենում պատվերներին: Եթե վստահ են, որ իրենցից պահանջելու են ոսկեգույն եզրերով հայելիներով, մեծ, անհարմար, հնաոճ կահույքով ու զարդարված պատերով բնակարան, շատերը պարզապես հրաժարվում են նման պատվեր կատարելուց:
Ի?նչ տենդենցներ կան Հայաստանում ճարտարապետության եւ ձեւավորման բնագավառում: Ո?ւր ենք գնում: ՙՄենք հետ ենք գնում,- ասում է Հայկ Սարգսյանը:- Իրականում շատ վատ է վիճակը: Մարդիկ կան, որ երկրից դուրս են գնում, շատ բան են տեսնում, ենթադրվում է, որ նրանց ճաշակը պիտի բարձրանա, բայց…՚:
Ըստ ճարտարապետ-դիզայնարների` սա ազգային խնդիր է: Մենք չարդարացված շատ պահպանողական ենք, ինքնասեր եւ դժվարությամբ ենք կարողանում հարմարվել կամ ընդունել ուրիշ ազգերի բերած նորությունները:
Թեեւ փոքր, բայց մարդկանց մի զանգված կա, որ գնում է առաջ, նոր լավն է ընդօրինակում, լոկալացնում:
ՙՓող ունեցող զանգվածի շրջանում հասկացող եւ ընդունող մարդկանց հատվածը կազմում է ընդհանուրի 0,01 տոկոսը: Իսկ այն մարդիկ, ովքեր այսօր կարող են պատվիրատու լինել, մեծ մասամբ ՙգեղացի՚ են, բայց այս արտահայտությունը չխառնեք գյուղացու հետ: Այդ մարդիկ նույնիսկ չեն հասկանում` ինչ է գաղափարը: Մարդիկ դեռ չեն կրթվել՚,- սրտնեղում են երկու ճարտարապետները:
Ժամանակ է պետք, որ մարդկանց աշխարհայացքը փոխվի, ճաշակը զարգանա:
Սակայն պետք չէ ճարտարապետին կամ դիզայներին փակ աչքերով հավատալ, պետք է ունենալ սեփական կարծիքը, ձեւավորված ճաշակը եւ աշխատել` այդ սկզբունքներից ելնելով:
  • +3
  • 26 июля 2009, 13:34
  • anuk

Комментарии (3)

RSS свернуть / развернуть
+
+1
Ayo, ayo, varjini het liovin hamadzayn em. Da chashaki harc e. @nd vorum avelacnem, vor hachax, lav chashak unecox mard@ qich gumar caxselov karox e stexcel bavakanin hetaqrqir u dizayni ev chartarapetutyan tesankyunic irenic ban nerkayacnox gexeckutyunner.

lav kliner vor «Красиво жить не запретишь!» — aratahaytutyun@ nayev verabevi voch miayn unevornerin
avatar

Monika

  • 28 июля 2009, 14:09
+
+1
Monika jan, liovin hamadzayn em qez het.

Chashak@ dzevavorvum e xelaci ev irenc vra ashxatox mardkanc mot.
Isk pox@ dran karox e miayn ognel, bay chi karox voroshich hamarvel.
avatar

anuk

  • 30 июля 2009, 09:56
+
0
mek-mek kanayq asum en vor mec tun@ lav chi: maqrel@ djvara!!! :) ete ed hangamanq@ hashvi charnenq mec tunna lav te poqr(kokik)? chapi mej iharke…
avatar

Vadim

  • 30 июля 2009, 20:32

Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.