Մեծանուն գրող Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակը ԵՊՀ-ում նշանավորվեց գիտական նստաշրջանով եւ թատերական հանդիսությամբ:
«Այս տարին բավական առատ էր փառահեղ հոբելյաններով: Հիշենք Աբովյանի, Կոմիտասի, Երվանդ Օտյանի, Լեւոն Շանթի հոբելյանները, եւ հարկե այդ շարքում կարեւոր տեղ ունի նաեւ Դանիել Վարուժանը: Դժբախտաբար, հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը Վարուժանի կողքով անտարբեր չանցավ, եւ նա նույնպես դարձավ Մեծ Եղեռնի զոհը, եւ շատ ծրագրեր մնացին անավարտ: Նման միջոցառումները եւս մեկ առիթ են` վերագնահատելու մեծերի թողած ժառանգությունը»,- իր խոսքում նշեց ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը:
Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում, որտեղ վարուժանագետները քննարկեցին գրողի ստեղծագործության առանձնահատկությունները: Թվով 8 զեկուցումներով հանդես եկան անվանի գրականագետներ` քննության առնելով Վարուժանի ստեղծագործության տարբեր շերտերը: Նստաշրջանի կազմակերպիչներն էին Երեւանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը, Հայաստանի գրողների միությունը եւ Սփյուռքի նախարարությունը:
«Մեր դասականների բազմազանության մեջ հզոր մի ձայն է Դանիել Վարուժանը: Նա եվրոպական փայլուն կրթություն էր ստացել, յուրացրել արեւմտահայ եւ համաշխարհային գրականության փորձը: Վարուժանը կարողացավ երգել ցավը հաճույքի եւ հաճույքների ցավը, կարողացավ ազգային տառապանքը հասցնել համամարդկային տառապանքի մակարդակի եւ հակառակը»,- ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Հոբելյանական միջոցառումն ամփոփեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի ջանքերով կազմակերպված, «Դանիել Վարուժան» խորագրով թատերական հանդեսը, որտեղ վարուժանական միտքն ու խոսքը ուսանողները ներկայացրին թատրոնի լեզվով: «Ես այնքան եմ ուսումնասիրել իմ հերոսին, որ այն լիովին իմն է արդեն: Մոտ 1 ամիս է` պարբերաբար կարդում եմ Վարուժանի բոլոր գործերը»,- ասում է Դանիել Վարուժանի դերակատար, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Սարգսյանը:
Միջոցառումն իր ասմունքով ամփոփեց Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: «Ինձ համար անսահման երջանկություն է այս դահլիճում գտնվել եւ այսքան հրաշալի դեմքեր տեսնել: Նստածս տեղում նույնիսկ արտասվեցի մի պահ»,- անկեղծանում է Վլադիմիր Աբաջյանը:
Հայաստանի սփյուռքի նախարարության մշակույթի բաժնի պետ Նադյա Անտոնյանը եւս հուզված էր: «Համալսարան իմ յուրաքանչյուր այցելությունն ինձ համար հուզիչ է»,- ասում է Նադյա Անտոնյանն ու ավելացնում, որ Հայ ժողովրդի հարստությունը հոգեւոր է եւ արժեքավոր հենց Վարուժանի նման տիտանների շնորհիվ:
Комментарии (0)
RSS свернуть / развернутьТолько зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.