
Պլատոն Աթենացին, մ.թ.ա 427-348, հին հունական փիլիսոփա, անտիկ իդեալիզմի խոշորագույն ներկայացուցիչը: Ծնվել է արիստոկրատական ծագում ունեցող ընտանիքում: Աթենական տոհմիկ քաղաքացու որդի Պլատոնն իր ողջ կյանքի ընթացքում աթենական դեմոկրատիայի հակառակորդ էր: Աթենքում աշակերտել է Կրատիլոսին, այնուհետև` հիմնականում Սոկրատեսին: Փիլիսոփայական զարգացումն նրան հանգեցրեց Սոկրատեսի դպրոցին:
397թ.-ին Աթենքում հիմադրել է սեփական դպրոցը` Պլատոնյան ակադեմիան: Պլատոնի հարուստ ժառանգությունից պահպանվել են 34 փիլիսոփայական երկխոսություններ, Սոկրատեսի ջատագովությունը ճառը, էպիգրամներն ու նամակները: Գլխավոր գործերից են Ֆեդոն, Թեետետոս, Խրախճանք, Ֆեդրոս, Մենոն, Պետություն, Օրենքներ և այլ երկխոսություններ:
Փիլիսոփայությունը հուզում էր Սոկրատեսին առաջին հերթին որպես բարոյականության համընդհանուր նշանակալի հասկացությունները գտնելու հնարավորություն: Այլ կերպ ասած` նրան հուզում էր ոչ թե մարդկային հարափոխ վարքի իմացությունը, այլ իսկական մնայուն էթիկան, որի շրջանակներում կսահմանվեր իսկական առաքինության, խիզախության, արդարության և բարոյագիտական մյուս ֆունդամենտալ կատեգորիաների բովանդակությունը: Պլատոնը ժառանգում է ուսուցչի այս ծրագրային դիրքորոշումը: Սակայն շուտով նա նկատում է, որ մնայության և համընդհանրության որակի, որպես իրերի հարափոխ աշխարհից ոչ արտածելի իրողության, խնդիրը հատուկ է ոչ միայն բարոյականությանը, այլև մաթեմատիկային, — մի իմացության, որի աներկբա արդյունքների դեմ անզոր է վիճել ցանկացած սոփեստ: Մաթեմատիկայի բոլոր հասկացությունների` գծերի, կետերի, ֆիգուրների, թվերի և նրանց հարաբերությունների կատարելության համարժեքները դժվար է գտնել զգայահասու աշխարհում: Ակներև է, որ անկատարն ինքնին չի կարող հանգեցնել կատարյալի իմացությանը: Պլատոնն ընդունում է, որ աշխարհի նկատմամբ միանգամայն կիրառելի են Հերակլիտի բնորոշումները: Իսկապես, որ զգայահասու աշխարհում ամեն բան հարահոսության և հարափոխության մեջ է` դժվար է չընդունել: Այլ բան է, որ դա անհրաժեշտաբար բերում է իր հետ նաև աշխարհի անճանաչելիությունն ընդունելու վտանգ, քանի որ Պլատոնը Սոկրատեսի հետևողությամբ ընդունում էր Պարմենիդեսի այն դրույթը, ըստ որի ճանաչելի է միայն անշարժ ու անփոփոխ կեցությունը: Անհրաժեշտ է հարցի լուծման նոր` միջին ուղի, որի դեպքում գոյի որպիսության մասին հերակլիտյան ու պարմենիդյան դրույթները համերաշխության կգային, իսկ ֆյուսիսի և գնոսիսի հարցերը հնարավոր կլիներ էթոսի հարցերի հետ միասին դիտարկել մեկ համատեքստում:Փիլիսոփայության նորագույն զարգացումները` նեոկանտականությունը, Ֆենոմենոլոգիան և էքզիստենցիալիզմը, մշտապես իրենց քննության և վեճերի կիզակետում են պահել Պլատոնին: Սակայն միայն փիլիսոփայությունը չէ որ առ այսօր ողողված է մնում նրա հիմնարար գաղափարներով: Գրականությունը և գրաքննադատությունը, արվեստը, պատմագիտությունը, մշակութաբանությունը, աստվածաբանությունը, մաթեմատիկան և անգամ ֆիզիկան մշտապես գործ են ունեցել նրա գաղափարների և հեղինակության մերժման կամ ռեաբիլիտացիայի հետ:
Պլատոնի պրոբլեմը փիլիսոփայության մեծագույն պլոբլեմներից մեկն է, եթե ոչ ամենամեծը չէ՞ որ նա ինքը փիլիսոփայությունն է: Եվ եթե ճշմանիտ է կարծիքը, համաձայն որի փիլիսոփայության պատմությունը իդեալիզմի պատմությունն է, ապա այն հավասարապես կարելի է կոչել նաև Պլատոնի պատմություն:
Комментарии (0)
RSS свернуть / развернутьТолько зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.