ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ - Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում


1897, 01 մարտ (նոր տոմարով՝ 13 մարտ), Կարս — Ծնունդը՝ ըստ “Չափաբերական մատյանի”: Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան: Դավանանքը՝ հայ լուսավորչական:
Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա եւս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ “Հայրենիքս է Խանի Մակուն”, “Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում”:
Հայրը պարսկահպատակ էր եւ զբաղվում էր առեւտրով: Եղիշեից բացի ուներ եւս վեց երեխա՝ Աշխեն, Մարիամ, Աննա, Գեղամ, Սերոբ, Սողոմոն:
Սողոմոնյանների ընտանիքը 1883-ին Մակուից գաղթել է Կարին (Էրզրում), այնուհետեւ այնտեղից՝ Կարս: Չարենցի հայրը մահացել է 1918-ին, մայրը՝ 1932-ին:
Կարսը Ռուսաստանին միացվեց 1877թ. նոյեմբերի 6-ին: Ռուսական զորքերի հրամանատարը գեներալ Հ. Լազարեւն էր: Քաղաքը դարձավ Կարսի մարզի կենտրոն: 1913-ին ուներ 12.175 բնակիչ:
1908-1912 — Սովորել է ծննդավայրի ռեալական ուսումնարանում: Վերջինս բացվել էր 1906թ. հոկտեմբերի 15-ին: 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում նշում է, որ ստացել է “Միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի կրթություն”: Այլ առիթներով գրում է 4-րդ դասարանի կրթություն: Գիտելիքների պակասը լրացրել է անհագուրդ ընթերցանությամբ:
1910 — Ռեալական ուսումնարանի աշակերտների ջանքերով հրատարակվում է “Գարուն” ալմանախը, որի մեջ տպագրվում է տարվա չորս եղանակներին նվիրված Չարենցի ոտանավորների շարքը:1937, 17-21 ապրիլ — Տեղի է ունենում Հայաստանի գրողների ընդհանուր ժողովը: Չարենցի ժառանգությունն ուսումնասիրող Վ. Կիրպոտինը հայտարարում է. “Չարենցի ձեռքից բռնեց թշնամին”:
1937, 30 մայիս — Բաց նամակով դիմում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունուն՝ ապացուցելու, որ ինքն անմեղ է:
1937, 24 հուլիս — Մեկնում է Ծաղկաձոր՝ գրողների տան կացարանից վտարված ընտանիքին Երեւան փոխադրելու համար: Զայրալից խոսքեր է նետում իր ընտանիքը այդ վիճակի հասցնողների հասցեին: Նրա արարքը գնահատվում է որպես խուլիգանություն եւ վիրավորանք՝ հասցված ՀԿ(բ)Կ ու ԽՍՀՄ ղեկավարությանը:
1937, 26 հուլիս — ՀԽՍՀ ՆԳԺ կոմիսար Մուղդուսու ստորագրությամբ լրացվում է օրդեր՝ Չարենցին ձերբակալելու եւ բնակարանը խուզարկելու համար: Նույն օրը ՀԽՍՀ ՆԳԺԿ 4-րդ բաժնի կողմից ձերբակալվում է: Նրան մեղադրանք է ներկայացվում ըստ ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 67, 68, 78 հոդվածների, նշվում, որ Չարենցը շարունակում է “ակտիվ պայքար մղել ընդդեմ խորհրդային իշխանության” եւ կալանավորում ՆԳԺԿ-ի ներքին բանտում: Չարենցի դեմ հարուցվում է նաեւ լրացուցիչ մեղադրանք՝ նախատեսված 17-65 հոդվածներով:
1937, 25 սեպտեմբեր — Իզաբելա Չարենցը դիմում է ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա. Միկոյանին եւ խնդրում, հաշվի առնելով ամուսնու առողջական ծանր վիճակն ու անմեղսունակությունը, միջոցներ ձեռնարկել՝ ազատելու բանտից: Չարենցին ոչ միայն չեն ազատում, այլեւ այս նամակն առիթ է դառնում 1937թ. նոյեմբերի 23-ին ձերբակալելու Իզաբելային, մեղադրանք ներկայացնելու ըստ 69-րդ հոդվածի, որ նշանակում է, թե իշխանություններից թաքցրել է ամուսնու հանցագործությունները, եւ 1938թ. հուլիսի 15-ին, որպես սոցիալապես վտանգավոր տարր՝ 5 տարով աքսորելու Ղազախստան:
1937, 27 սեպտեմբեր — 6 հոկտեմբեր — Բանտում գիշերը նամակ է գրում Ա. Իսահակյանին եւ նրան ձոնում մի բանաստեղծություն: Նամակից. “Սիրելի Ավետիք, ներքեւում երգում էին քո երգը,- սիրտս լցվեց- եւ ես գրեցի հետեւյալ ստիխը. ընդունիր իբրեւ ձոն եւ ողջույն:… Ոգով պայծառ եմ եւ առույգ, ընտանիքի հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում եւ հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին եւ հայ ժողովրդին”:
1937, 6 հոկտեմբեր — Բանտից նամակ է հղում կնոջը. “Ամուր եղիր, հարազատս,- եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, իմչպես մենք ենք”: 1937, 27 նոյեմբեր — Առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երեւանի բանտի հիվանդանոցում: Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տեւած անգիտակից վիճակը: Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին “օրգանիզմի ընդհանուր հյուծման”, ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել:

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում:
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:

Комментарии (2)

RSS свернуть / развернуть
+
+1
Curt e, ashun@ shrshum e,
Curt e, ev sirts mrsum e,
Sirt im, hishum es? Ashun er —
Ush mi ashun er Karsum…

(Charenc, Antipner)
avatar

anuk

  • 24 июня 2009, 22:19
+
0
apres anuk jan shat hetaqrqir er
avatar

Napoleon

  • 25 июня 2009, 13:16

Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.