ՕԾՎԱԾ ԽԱՉՔԱՐՆ ՈՒ ՕՐՀՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Աստվածաբանության ֆակուլտետում օծվեց ԵՊՀ 90-ամյակի առթիվ Մայր բուհին նվիրված խաչքարը:
«Աստվածաբանության ֆակուլտետն իր բարերարների եւ բարեկամների հետ համատեղ Մայր բուհին է նվիրում մի հրաշակերտ խաչքար: Այն հավերժացնում է համալսարանի բոլոր երախտավորներին` ներկա ու անցավոր… Եթե մինչ օրս մեր ուսանողները միայն հպվում էին այդ խաչքարին, ապա օծվելուց հետո գուցե այդտեղ մոմավառություն էլ սկսվի…»,- ասաց ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Բացի խաչքարի օծումից, ֆակուլտետն այսօր այլ կարեւոր առաքելություն էլ ուներ. բակալավրիատի 43 եւ մագիստրատուրայի 12 շրջանավարտներ ավարտական դիպլոմներ ստացան: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շնորհավորելով բոլոր ուսանողներին, հույս հայտնեց, որ տարիներ հետո Մայր բուհում եւ ամբողջ Հայաստանում մեծ հպարտությամբ են տալու այսօրվա շրջանավարտներից շատերի անունները:

Ֆակուլտետի դեկանի համար այս տարին շատ հատկանշական է. բակալավրիատի շրջանավարտները համալսարան ոտք էին դրել այն ժամանակ, երբ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը նոր էր ընտրվել դեկանի պաշտոնում: «Փաստորեն, սա իմ ընդունած առաջին սերունդն է, որ ավարտում է բակալավրի ուսումնական ընթացքը: Ես հպարտանում եմ նրանցով եւ հույս ունեմ, որ շատ ու շատ սերունդներ ենք այսպես ճանապարհելու»,- ասաց Սրբազանը:

Շրջանավարտներից մեկը, շնորհակալություն հայտնելով ֆակուլտետի դասախոսներին, նշեց, որ նրանց տված գիտելիքները կօգնեն իրենց ճիշտ ապրելու եւ Աստծուն իրենց մեջ ընդմիշտ կրելու համար:

Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Աննա Մարմարյանը բոլոր շրջանավարտներին մաղթեց, որ ստացած հավաստագրերը նրանց համար անցաթուղթ լինեն կյանքում եւ ցանկացած դուռ բացեն նրանց առջեւ: «Ուր էլ որ գնաք, ինչ էլ որ անեք, բարձր պահեք համալսարանի կոչումը»,- հորդորեց ֆակուլտետի ՈՒԽ նախագահը:

Ի դեպ, դեկան Անուշավան եպս. Ժամկոչյանի ստեղծած ավանդույթի համաձայն, ամեն տարի ֆակուլտետի բոլոր կուրսերից մեկական ուսանող արժանանում է «Տարվա լավագույն ուսանող», մեկական ուսանող էլ` «Տարվա կարգապահ ուսանող» անվանակարգերին:

Դեկանը հատուկ շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի բարերարներին եւ բարեկամներին, ովքեր մշտապես աջակցել են ֆակուլտետի ինչպես ուսումնական եւ գիտական, այնպես էլ նյութական խնդիրների լուծմանը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի որոշմամբ` տեր եւ տիկին Չառլի եւ Դիանա Մխիթարյանները, Սիլվա Աճեմյանը, Վահե Հարությունյանը, ֆակուլտետի ամբիոնի վարիչ, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը պարգեւատրվեցին ԵՊՀ պատվոգրերով:

Դիանա եւ Չառլի Մխիթարյանների ջանքերով ու Սիլվա Աճեմյանի օժանդակությամբ զարկ է տրվել «Աճեմյան մատենաշար»-ի հրատարակմանը, որտեղ տպագրվում են ֆակուլտետի դասախոսների գիտական աշխատանքները: Ի դեպ, մատենաշարի հրատարակումը ֆակուլտետի հիմնադիր, երջանկահիշատակ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի` բարերարներ Դիանա եւ Սիլվա քույրերի հորեղբոր նախաձեռնությամբ էր: Համալսարանին նվիրված խաչքարը եւս տեղադրվել է Աճեմյանների ընտանիքի հովանավորությամբ:

Լեւոն Սարգսյանն աջակցում է ֆակուլտետի` գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին` հոգալով նրանց վարձավճարների խնդիրը: Իսկ Վահե Հարությունյանի շնորհիվ ֆակուլտետի ուսանողությունը ոչ միայն հայալեզու գրականություն ունի, այլեւ համակարգչային գույք եւ բարեկարգ լսարաններ:
  • +1
  • 6 июля 2009, 19:41
  • anuk

Комментарии (0)

RSS свернуть / развернуть

Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.