
Կրոն բառը հայերեն ստուգաբանվում է կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք, ծագելով կրել բառից (որպէս թէ կրեալ եւ պահեալ, կամ կրելի օրինոք (Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան): Հանրագիտակ Ղևոնդ Ալիշանը կրոնը բխեցնում է կիրք բառից, մեկնելով այն իբրև ներքին զգացում: Religio լատիներեն նշանակում է առաքինութ-յուն, սրբություն, պաշտամունքի առարկա: Կրոնը որպես ներքին զգացում՝ հավատք, ծագել ու զարգա¬ցել է մարդկային գիտակցությանը համընթաց, ներկայացնելով հա¬սարակական գիտակցության ուրույն ձև, որն արտացոլում է առանձին մարդու և ողջ հասարակության աշխարհայեցողության ու մտածելակերպի գերբնականացված, սրբազնացված ոլորտը: Կրո-նի, հավատքի, գերբնականի հարցերը վաղուց են հետաքրքրել բնագետներին, իմաստասերներին, աստվածաբաններին: Արարիչ աստծո վերաբերյալ խորհրդածությունները հանգիստ չեն տվել բո-լոր ժամանակների մտածողներին՝ աշխարհի տարբեր ծագերում:
Ամենայն լավի ու ճշմարտի ծնունդն ու գոյությունը մարդն առնչում է Աստծուն, նրա միջոցով է ձգտում ճանաչել իր գործու-նեության կազմակերպման լավագույն ուղին: Մեծն Մեսրոպ Մաշ¬տոցն այսպես է դիմում Բարձրյալին՝ Նավապետ բարի, եղիր իմ անձին ապավեն (Նաւապետ բարի, լե՛ր անձին իմոյ ապաւեն): Երկրպագելով ու փառաբանելով Աստծուն, մարդն ակամա և գի¬տակցաբար գովերգում է գեղեցիկն ու արդարը, նշելով և ամրագ¬րելով իր արժեքային ոլորտի ուղղվածությունը: Մարդը նաև փորձում է մերձենալ Աստծուն և կատարելագործվել, ազատվել մտածողության և գործունեության անհարիր կողմերից: Աստվածայինի որոնման ճանապարհին վաղմիջնադարյան պատմիչ Եղիշեն միտք է հայտնել, թե Արարիչն ամենքին աներևույթ է աչքով տեսնելու համար, այլ մտքով է նրա զորությունն իմանալի (Արարիչն ամենեցուն աներեւոյթ է ի մարմնաւոր աչաց, այլ մտաց իմանի զօրութիւ նորա):
Ինչպե՞ս ճանաչել անճանաչելին և մեկնել անմեկնելին՝ զգայություններո՞վ, մտքո՞վ, սրտո՞վ, թե՞ հոգով: Հայ մեծ իմաստասեր, աստվածաբան Գրիգոր Տաթևացին լավագույնս է բնութագրում Աստված-մարդ հաղորդակցումը: Ըստ նրա՝ զգայություններով մար¬դը ճանաչում է արտաքին աշխարհը, մտքով՝ իր ներաշխարհը, իսկ հավատքով՝ իրենից վեր գտնվող էությունները (Զգայութեամբ ծանօթանանք որ արտաքոյ քան զմեզ. եւ խոհեմութեամբ՝ որ իներքս ի մեզ. եւ վերին խոկմամբ որ ի վե՛ր է, քան զմեզ՝ ըստ կարողութեամբ լուսաւորիմք ճառել զանճառէն):
Գիտակցականի և զգայականի, գիտականի և հավատքայինի վերաբերյալ դիպուկ են Տաթևացու խորհրդածությունները: Խստո¬րոշ սահմանազատելով ճանաչողության վերոնշյալ ոլորտները, նա համարում է, որ քանզի միտքը չափավոր է և աստված՝ անչափ, չի՛ կարող չափավորն անչափն իմանալ ու տեսնել (Միտքն չափաւոր է, եւ աստուած անչափ. ոչ կարէ չափաւորն զանչափն իմանալ եւ տեսանել): Եվ ինքն էլ տալիս է ճանաչողության բանալին, ըստ որի՝ ուր աչքի տեսողությունն ու մտքի իմացումը չի բավարարում, այն¬տեղ ներգործում է հավատը (Ուր տեսութիւն աչաց եւ իմացումն մտաց խափանի, անդ ներգործէ հաւատն): Առ Աստված իր խոսքում հանճարեղ Գրիգոր Նարեկացին բնու¬թագրում է Բարձրյալին որպես հավիտենական, բարերար և ամենակալ, ստեղծող լույսի և հորինող գիշերի, կյանք՝ մահվանից և լույս՝ խավարից (Աստուա՛ծ յաւիտենական, բարերար եւ ամենա¬կա՛լ, ստեղծի՛չ լուսոյ եւ յօրինիչ գիշերոյ, կեա՛նք՝ ի մահու եւ լո՛յս ի խաւարի): Մատյանում Աստծուն բնորոշող խոսքերի հարուստ ծի¬րում շատ են այնպիսի բնութագրումները, որպիսիք են արև, հզոր, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի, անճառելի, անտեսանելի, անզննելի, անշոշափելի, անժամանակ, անապական, ամենաբաշխ, կենդանարար, աննմանական։ Նարեկը Սուրբ Գրքի չափ հարազատ է դարձել հային, հոգևոր ուղի բացելով դեպի Աստված: Միակ Արարիչ-Աստծո գաղափարին հասնելու ձգտումով մարդկությունը հազարամյակներ շարունակ որոնումների մեջ է եղել, և Ճանաչողության առաջընթացի, աշխարհի գիտակցականացման շնորհիվ որոշակիացել են կյանքի երևույթների ընկալման սահմանները, ձևավորվել են դրանք բնութագրող հասկացությունների սահմանումները: Վաղնջական անցյալում աստիճանաբար տարբերակվել և արժևորվել են բնության ու հասարակության երևույթները, ու¬րույն դրսևորում գտնելով պաշտամունքում և հավատալիքներում՝ ձևավորելով ու զարգացնելով բազմաստվածային պատկերացումներն ու կրոնները:
Комментарии (1)
RSS свернуть / развернутьNapoleon
Только зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.