
Հանգիստ քայլերով մտնում է կիսամութ սենյակ: Հագի կոստյումի կոճակները բաց են, ճերմակ վերնաշապիկի վրա կախված են թիթեռնիկ փողկապի ծայրերը: Դեմքը կենտրոնացած է, լարված, մտահոգ: Մոտենում է խմիչքի սեղանին, գավաթի մեջ լցնում կարմիր, դառը գինի: Հետո քայլում է կիսամութի մեջ երեւացող բիլիարդի սեղանի շուրջ: Վերից նայում է գնդերին: Գինու գավաթը դնում է խաղասեղանի կողին, էլեգանտ շարժումով հանում է կոստյումը, գցում աթոռի թիկնակին: Վերցնում է կին, ձեռքի մեջ ծանրութեթեւ անում այն: Մտածում է: Հանկարծ կտրուկ շարժումով թեքվում է սեղանին, նշան բռնում եւ ուժեղ հարվածում նշանառու գնդին: Սա էլ կպչում է մյուսին եւ գցում անցքի մեջ:
Նա հանգիստ ուղղվում է. դեմքին բավականություն է նշմարվում: Բավականություն, որ քիչ առաջ չկարողացավ պատճառել կնոջը…
Բիլիարդը հանդարտեցնում է նյարդային լարումը խաղի առաջին վայրկյաններին իսկ: Խաղացողը գրեթե ամբողջովին կտրվում է առօրյայից: Բիլիարդը մարդուն տալիս է կյանքում անհրաժեշտ բազմաթիվ որակներ: Այն սովորեցնում է հաղթել` կենտրոնացնելով ամբողջ կամքը, եւ սովորեցնում է պարտվել` առանց խուճապի մատնվելու եւ ինքն իր հանդեպ հավատի կորստի, արժանապատվորեն: Մի խոսքով, բիլիարդն իսկական տղամարդկանց խաղ է: Միայն ամենահամառներն ու ամենահետեւողականներն են հաջողության հասնում:
Այս խաղն օգտակար է մարդու ճիշտ կեցվածքի եւ լավ մարզավիճակի պահպանման համար: Ընդ որում, սրտի եւ թոքերի անթերի աշխատանք այստեղ չի պահանջվում, ավելին, խաղն ինքն է ապահովում նման արդյունք: Հետեւաբար, բիլիարդը նախ եւ առաջ ֆիզիկապես կոփվելու հնարավորություն է: Բացի այդ, այն զարգացնում է աչքաչափը, մշակում է շարժումների հստակությունը եւ կոորդինացիան, արագ ռեակցիան. հնարամտությունը: Խաղացողն աստիճանաբար ձեռք է բերում համբերության եւ սառնասրտության հմտություններ: Զարգանում են մարդու մարտավարական եւ տակտիկական մտածողությունը, ռեակցիան եւ աչքաչափը, էմոցիաները կառավարելու եւ հակառակորդի վայրկենական թուլությունից օգտվելու կարողությունները:
Բիլիարդը մի քանի սպորտաձեւերի սինթեզ է` թենիս, հրաձգություն, գեղարվեստական եւ սպորտային գիմնաստիկա: Մարդը ձգվում է, պառկում, խաղում մեջքի վրայով: Բիլիարդը նաեւ շախմատ է. խաղացողը իր եւ խաղընկերոջ փոխարեն մի քանի քայլ առաջ պետք է հաշվարկի. շարժուն շախմատ է:
Արդեն վաղուց այն միայն ակումբային խաղ, զբաղմունք չէ, այլ սպորտաձեւ: Ամեն տարի հարյուրավոր մրցույթներ են անցկացվում ամբողջ աշխարհում, իսկ չեմպիոնների հոնորարներն ավելին են, քան շատ այլ սպորտաձեւերի դեպքում: Մարդկանց մի մասը խաղում է փող վաստակելու նպատակով, մյուսը` սպորտային հետաքրքրությունից դրդված: Բայց մի բան հաստատ է. բիլիարդի կին ձեռքը վերցրած եւ խաղում քիչ թե շատ հաջողության հասած յուրաքանչյուր մարդու համար բիլիարդը խաղերի արքան է:
Արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ բիլիարդը պաշտոնապես սպորտաձեւ է համարվում: Դեռ 1996-ին Ատլանտայում Օլիմպիական համաշխարհային կոմիտեն քվեարկեց բիլիարդը օլիմպիական խաղերի ընտանիքում ընդգրկելու օգտին: Հաջորդ խաղերին նախատեսված են բիլիարդի ցուցադրական ներկայացումներ: Միակ խնդիրն այն է, թե բիլիարդի կոնկրետ որ տեսակն առաջինը դուրս կգա օլիմպիական արենա` կարամբոլը, սնուկերը, փուլը, թե ռուսական բիլիարդը: Հավանական է, որ օլիմպիական խաղերում կընդգրկվի փուլ տարատեսակը. սա եւ համեմատաբար հեշտ է, եւ տարածված:
Գոյություն ունի բիլիարդի մի քանի տեսակ ` ռուսական բիլիարդ կամ ռուսական բուրգ, փուլ կամ ամերիկանուհի, սնուքեր, կարամբոլ եւ այլն: Սրանք իրենց հերթին ունեն տարատեսակներ, որոնք տարբեր կանոնների են ենթարկվում:
Տեսականորեն չկա մի դիրք, որից հնարավոր չլինի գունդը գցել լուզայի մեջ: Բայց դրա կատարումը երբեմն արվեստի գործ է:
Մի քիչ պատմությունից
Բիլիարդի ծագման ժամանակաշրջանը կոնկրետ նշել հնարավոր չէ: Հայտնի է միայն, որ շախմատի պես` այն էլ շատ հին ծագում ունի: Բիլիարդի հայրենիքը Ասիան է, ոմանց պնդմամբ` Հնդկաստանը, մյուսների` Չինաստանը: Բայց մինչ եվրոպական երկրներում ի հայտ գալը` խաղի հիմնական սկզբունքներն արդեն մի շարք այլ խաղերում գործում էին:
Օրինակ` գերմանական ժողովրդական Balkespiel խաղում, որ արդեն միջնադարում կար, երկար սեղաններ էին օգտագործվում` կոպիտ կողքերով եւ փոսերով: Խաղացողը փորձում էր մահակի օգնությամբ հակառակորդի քարե գունդը գցել այդ փոսերից մեկը:
Անգլիայում գրեթե նույն ժամանակներում տարածված էր Pall-Mallspill խաղը, որը խաղում էին կոշտացված եւ հարթեցված հողային տարածքում: Որոշակի կանոնների հետեւելով` մի քանի գնդերը պետք էր գլորել դարպասից ներս: 15-րդ դարի կեսերին բացօթյա բազմաթիվ խաղեր դարձան սենյակային, ինչը մեծ ազդեցություն թողեց դրանց հետագա զարգացման վրա:
Բիլիարդի սեղանի կատարելագործումն ազդեց նաեւ նրա ձեւի վրա. քառակուսի, հետո` վեց-ութանկյունի եւ նույնիսկ կլոր սեղանն ի վերջո ստացավ այսօրվա քառանկյան տեսքը, որի դեպքում, անկախ բիլիարդի մեծությունից, հստակորեն պահպանվում է համաչափությունը` սեղանի երկարությունը երկու անգամ մեծ է լայնությունից: Պարզվեց, որ երկու քառակուսիներից կազմված այս ձեւն ամենահարմարն է բիլիարդ խաղալու համար. հնարավոր դարձավ, օրինակ, իրարից հավասար հեռավորությամբ 6 լուզա տեղադրել: Փոխվեցին նաեւ սեղանի չափերը: Փորձն ու գործնական կիրառությունն ապացուցեցին, որ ավելի հետաքրքիր խաղ կարելի է ստանալ միայն մեծ սեղանի օգնությամբ:
Ռուսաստանում բիլիարդը հայտնվեց 18-րդ դարում` Պետրոս Առաջինի օրոք: Հոլանդիայում ծանոթանալով այս խաղին` Պետրոսը հրամայեց իր համար էլ բիլիարդի սեղան պատրաստել, եւ այդ խաղը դարձավ նրա ամենասիրելի զբաղմունքը: Արքայի օրինակով` նրա մտերիմներն էլ իրենց համար նման սեղաններ պատվիրեցին: Որոշ ժամանակ անց բիլիարդը հիմնավորվեց նաեւ պալատական հանգստավայրերում, ակումբներում եւ դղյակներում:
19-րդ դարի սկզբներին այս խաղն իր երկրպագուներին գտավ նաեւ հյուրանոցներում, գինետներում եւ նման այլ տեղերում:
19-րդ դարի վերջերից եւ 20-րդ դարի սկզբներին բիլիարդը դանդաղորեն, բայց հաստատուն քայլերով ձեռք է բերում սպորտային բնույթ: Դրան նպաստում են նաեւ բիլիարդի ասպարեզում բազմաթիվ միջազգային մրցույթները: 1906 թվականին Փարիզում խաղարկվում է աշխարհի չեմպիոնատ, որի հաղթողը ստանալու էր 40 հազար ֆրանկ:
Բիլիարդը Հայաստանում
Խորհրդային տարիներին բիլիարդը որոշ ժամանակ արգելվեց. այն համարվեց քրեական տիպերի եւ հանցագործների սիրած խաղ: Վերակառուցման տարիներին վիճակն էապես փոխվեց, բայց վերաբերմունքը դեռ երկար տարիներ մնաց նույնը: Ի դեպ, դրան նպաստում էին նաեւ հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմեր, ուր բիլիարդի սեղանի շուրջ անպայման մի հանցագործություն էր տեղի ունենալու: Այսօր, սակայն, բիլիարդը չընդունված խաղերի շարքից տեղափոխվել է սպորտի ասպարեզ եւ մեծ թափով զարգանում է անգամ Հայաստանում:
Նշենք, որ այս գործում մեծ դեր ունեն ԶԼՄ-ները: ՙԱր՚ հեռուստաընկերությամբ ցուցադրվող բիլիարդի առաջնությունը աշխուժություն մտցրեց հայաստանյան բիլիարդի ասպարեզում:
Բիլիարդի սեղանի դաշտն անպայման ածխային թերթաքարից է հավաքվում: Այն լինում է Աֆրիկայում, Իտալիայում, Բրազիլիայում, Չինաստանում: Այն հեշտ հղկվող, բայց շատ ամուր եւ կարծր քար է, իդեալական ճշգրտությամբ: Բարձրությունը 4,5 սմ է: Սեղանը բաղկացած է 5 կտոր նման քարերից, որոնք մշակվում են միաժամանակ` 1 հաստոցի տակ, որ շեղումներ չլինեն: Լավ վարպետները, որ հավաքում են բիլիարդի սեղաններ, գիտեն, որ իրավունք չունեն փոքր-ինչ թեք հավաքել: Բիլիարդի սեղանի լավագույն մասնագետները Հայաստանում համարվում են Դավիթ Հարությունյանը, Գեւորգ Սահակյանը:
Կարճ փայտիկն իր տեղն աստիճանաբար զիջում է երկար կիին: Բիլիարդ խաղացող յուրաքանչյուր մարդու համար սեփական կի ունենալն այսօր նույնքան կարեւոր եւ անհրաժեշտ է, որքան ջութակահարի համար սեփական ջութակը: Կի պատվիրելիս անպայման հաշվի է առնվում պատվիրատուի հասակը, քաշը, պրոֆեսիոնալ լինել-չլինելը, հարվածի ուժգնությունը: Կիի երկարությունը կախված է նաեւ բիլիարդիստի կեցվածքից, մարմնի առանձնահատկություններից: Վարպետն անպայման պատվիրատուին պետք է խորհուրդ տա, թե ինչ տեսակի կի է հարմար տվյալ մարդուն: Դա անհատական է եւ ընդհանուր դեղատոմսեր չունի: Խաղին երկար ժամանակ տրամադրողները կիի ծանրությունից սկսում են հոգնել, այդ իսկ պատճառով նրանք փորձում են թեթեւացնել կին հարվածի ուժգնության հաշվին: Ի դեպ, վարպետի համար ավելի հեշտ է ծանր կի պատրաստել, քան թեթեւ:
Թեեւ կան նաեւ սովորական հարվածաձողեր` համընդհանուր գործածության համար: 280 գրամանոց գնդերի դեպքում ստանդարտ է համարվում 750 գրամը: Միայն փուլ խաղի ժամանակ սկզբնական հարվածի համար գործածվում է ավելի երկար եւ ավելի ծանր կի, որ գնդերը ցրվեն, իսկ խաղը շարունակվում է ստանդարտ կամ թեթեւ կիով:
Հայերն, առհասարակ, շատ լավ բիլիարդիստ են դառնում: Օրինակ` Աշոտ Փոթիկյանը համաշխարհային հռչակ ունի, կենդանի լեգենդ է բիլիարդի բնագավառում, կամ Էդիկ Գալիյանցը: Մերօրյա իրականության մեջ Եվրոպայի մակարդակով ամենահայտնի եւ հեռանկարային խաղացողներից մեկը երիտասարդ Արման Բակլաչյանն է (արդեն 7 տարի է` ապրում եւ աշխատում է Մոսկվայում):
Հայաստանում բազմաթիվ հրաշալի բիլիարդ խաղացողներ կան` Սամվել Հունանյան, Մարտին Ղայֆաջյան (նա մի քանի անգամ Հայաստանյան մրցումների եւ գավաթի խաղարկության չեմպիոն է դարձել), Միսաք Հախոյան, Ռուբեն Փոթիկյան (Աշոտ Փոթիկյանի եղբայրը), Սամվել Արիստակեսյան: Իսկ 2007-ի դեկտեմբերին չեմպիոն է ճանաչվել Ռոբերտ Ամիրյանը, ով նշվածներից ամենաերիտասարդն է:
Հայաստանում առայժմ հնարավոր չէ բիլիարդ խաղալով մեծ գումար վաստակել:
Ամեն տարի` տարին 4 անգամ, անցկացվում է բիլիարդի Հայաստանի առաջնություն: Տարվա բացումը կատարվում է փետրվարին կամ մարտին: Սովորաբար մրցույթը տեւում է մի քանի օր: Խաղն անցկացվում է կիսաօլիմպիական ձեւով. երկու պարտությունից հետո խաղացողը այլեւս չի շարունակում մասնակցությունը:
Հայաստանում անցկացվում է նաեւ բիլիարդի գավաթի խաղարկություն, որ տեղի է ունենում ամեն տարվա դեկտեմբերին: Ի դեպ, գավաթը փոխանցիկ է: Գավաթի խաղարկությունն ավելի պատասխանատու մրցույթ է, խաղացողներն ավելի շատ ջանք ու եռանդ են ներդնում: Խաղարկությունն անցկացվում է արդեն 7-8 տարի:
Նշված մրցումներում տարիքային սահմանափակում չկա: Մի ժամանակ գործում էր մինչեւ 18 տարեկանների մրցաշար, բայց հիմա նման բան չի անցկացվում, քանի որ 16 տարեկան պատանիներ կան, որ տարեցներից շատ ավելի լավ եւ պրոֆեսիոնալ են խաղում:
Բիլիարդի ակումբներում խաղի մեկ ժամը սկսում է 2000 դրամից: Բայց պատահում է, որ երբ պրոֆեսիոնալ խաղացողը, ով արդեն հայտնի է այդ ասպարեզում, հայտնվում է որեւէ ակումբում եւ սկսում է որոշակի հարվածի վրա աշխատել, փորձել, ակումբը նրանից գումար չի գանձում: Դա մի քիչ հարգանքի նշան է, մի քիչ` աջակցելու ցանկություն, մի քիչ էլ` մասնագիտական էթիկա:
Բիլիարդի էթիկա կամ չգրված օրենքներ
ՙԽորհուրդ է տրվում խաղընկերոջ հանդեպ իրեն կոռեկտ պահել, օրինակ` շնորհավորել նրան հաղթանակի առթիվ բարեկամական ձեռքսեղմումով՚:
Բացի զուտ խաղային կանոններից, բիլիարդն ունի իր հստակ պահանջները` խաղացողների կոռեկտություն, բարեհամբույր վերաբերմունք, համբերություն եւ, որ ամենակարեւորն է, բացասական էմոցիաների զսպում: Բիլիարդի իրական մշակույթը ենթադրում է, որ բոլոր մասնակիցները, այդ թվում` հանդիսատեսը, ստեղծում են սպորտային տոնի մթնոլորտ, որի պարտադիր ատրիբուտը ջենտլմենի անխոցելի պահվածքն է: Բացի պաշտոնական ռեգլամենտի հաստատած խաղի հիմնական կանոններից, գոյություն ունեն նաեւ այսպես կոչված ՙչգրված օրենքներ՚, որ մշակվել են երկար տարիների գործնական օրինակների եւ բիլիարդի մրցումների արդյունքում` հարգել մրցակցին, կողքի սեղանը զբաղեցրած բոլոր խաղացողներին, խաղի ժամանակ զրույցի չբռնվել մրցակցի, այլ խաղացողների կամ հանդիսատեսի հետ, մրցակցին խորհուրդներ չտալ, չխաղալ արտահագուստով կամ ոչ կոկիկ տեսքով: Անթույլատրելի է բիլիարդ խաղալ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, ծխել բիլիարդի սեղանի մոտ անգամ այն դեպքում, երբ ծխում են ուրիշները: Արգելվում է կոպիտ արտահայտվել եւ հատկապես հայհոյել: Հենց դրանք էլ ձեւավորում են բիլիարդի էթիկան, որին պետք է ենթարկվեն բոլոր մասնակիցները:
Ամենաէլեգանտ, ամենասեքսուալ, ամենակոռեկտ, ամենահավասարակշռված խաղում թեեւ հաղթանակը կարեւոր է, բայց ավելի կարեւոր է խաղի զգացողությունը: Երբ բռնում ես կին, սահեցնում ձեռքիդ վրայով, մոտեցնում հարվածագնդին, հետ քաշում, հետո` նորից փորձում, հաշվում, պահում շնչառությունը ու հարվածում: Իսկ եթե այս ամենը մեղմորեն բացատրում ես այն կնոջը, որին պատրաստվում ես բիլիարդ սովորեցնել…
Комментарии (0)
RSS свернуть / развернутьТолько зарегистрированные и авторизованные пользователи могут оставлять комментарии.