Մուշեղ Մանուկի Խաչատրյան: Մարդ, որը օգնում էր բոլորին

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգը ծանր կորուստ կրեց։ Կյանքի 74-րդ տարում՝ 2009թ. դեկտեմբերի 20-ին, ծանր հիվանդությունից վախճանվեց տրանսպորտի բնագավառի հմուտ կազմակերպիչ, վաստակաշատ աշխատող Մուշեղ Մանուկի Խաչատրյանը։ Ծնվել է 1935թ. Թալինի շրջանի Դավթաշեն գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո 1968թ. ընդունվել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեխանիզացիա բաժինը եւ ավարտել 1973 թվականին ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։ Սկսած 1956 թ-ից Մ. Խաչատրյանը աշխատել է նախարարության համակարգի տարբեր ձեռնարկություններում՝ Երեւանի թիվ 1 ավտոբուսի պարկի դիսպետչեր, թիվ 3 ավտոբուսի պարկի գծային դիսպետչեր, շահագործման բաժնի պետ, շահագործման գծով պետի տեղակալ, իսկ 1972 թվականից՝ Երեւանի մերձքաղաքային ուղևորատար ավտոձեռնարկության անփոփոխ տնօրեն։ Մ. Խաչատրյանը ուներ աշխատանքի բազմամյա փորձ, տիրապետում էր իր մասնագիտությանը։ Ուներ բարձր հեղինակություն եւ կոլեկտիվի կողմից հարգված ղեկավար էր։
Հանրապետության ամբողջ կառավարման համակարգը նրան լավ էր ճանաչում, որպես փայլուն գիտելիքների տեր մասնագետի, իր անբասիր եւ նվիրված աշխատանքի համար նա բազմիցս արժանացել է կառավարական պարգևների եւ խրախուսանքների։ Մուշեղ Խաչատրյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների եւ աշխատանքային ընկերների սրտերում։

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարություն