Զինվորական «Վիլիսը» մխրճվեց դիմացից ընթացող երկու «Վիլիսների» բարձրացրած փոշու մեջ: Ազատագրված տարածքների հարթավայրի փոշին մեքենայի բոլոր մասերից դանդաղ ներխուժում էր ներս, շնչելը դժվարանում էր, դառնում գրեթե անհնարին: Մեքենայի դռների ապակիները չէին իջնում, այն իջեցնելու բռնակները հանված էին: Լրագրողներից մեկը չդիմանալով` բացեց մեքենայի դուռը, գլուխը հանեց, որպեսզի օդ շնչի: Երբ նա գլուխը ներս մտցրեց, ամբողջովին սպիտակ էր, փոշին շերտավորվել էր դեմքին, մազերին: Ազատագրված տարածքների փոշու միջով դիրքեր հասանք քառասուն րոպե անց: Այս ճանապարհն այսպես է ամռանը, իսկ ձմռանը փոշին դառնում է ցեխ, ու մեքենաները ցեխի մեջ են խրվում: 1997-ից այս ճանապարհով չէի անցել. առայսօր էլ չեմ կարողացել որոշել, թե երբ է ավելի լավ այդ ճանապարհներն անցնելու համար` ցեխի՞ն, թե՞ փոշուն: