«Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փոխադարձ այցելությունները նախագահների մակարդակով շատ ավելին են, քան զուտ պաշտոնական լինելը»:
Այսօր Երեւանի պետական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում այսպես արտահայտվեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Երկօրյա պաշտոնական այցով մեր երկրում գտնվող բարձրաստիճան պաշտոնյային, Մայր բուհի գիտխորհրդի որոշմամբ, շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում եւ համալսարանի բարձրագույն պարգեւը` ոսկե հուշամեդալ:
«Վրաստանաբնակ հայերը մեր մշակույթի եւ հասարակության լուրջ մասն են կազմում: Մենք Վրաստանը չենք բաժանում էթնիկ վրացիների, էթնիկ հայերի, էթնիկ ռուսների, էթնիկ ադրբեջանցիների եւ այլն: Մենք հստակ հասկանում ենք, որ Վրաստանը հավասարապես պատկանում է բոլոր էթնիկ խմբերին, նրանցից ոչ մեկը չունի առավելություններ մյուսների նկատմամբ,- ասաց Միխայիլ Սահակաշվիլին` կարեւորելով երկու ժողովուրդների շփման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծումը.- կարելի է ընդհանուր «էսպերանտո» մշակել, ասենք` Հավլաբարի լեզուն»: